ՄՏՔԵՐ...

Ոչ մի բռնություն, ոչ մի հալածանք, ոչ մի սահման չէ կարող բաժանել մի ժողովուրդ, եթե նա տոգորված է ընդհանուր շահերի գիտակցությամբ, ունի նաև կրելու անսահման վճռողականություն և կապված, միացված է դարերով սնված ու պահպանված ընդհանուր բնազդների ու զգացմունքների առողջ զարկերով:
Քրիստափոր Միքայելյան
Ուր որ էլ լինենք-կռվի դաշտին մեջ, թե շղթայակապ կալանավոր, բահը ձեռքերիդ մշակ թե թափառական առաքյալ – միշտ էլ ներշնչողը լինի թող տառապողի Ազատության վեհ Գաղափարը, ձեր առաջնորդը` դիրքերուն վրա մնալու պարտաճանաչության սուրբ սկզբունքը: Հոգ չէ թե մի օր վահանով կդառնաք, մյուս օր – վահանի վրա –արդյունքը նույն է-հաղթությունը…
Սիմոն Զավարյան
Չէ, հայ ժողովուրդը անկարող է ապրել Տաճկահայաստանում տիրող կարգերում. Նա ուժասպառ է լինում, նա մեռնում է, նա չի կարող չբողոքել, ոտքի չկանգնել և չդիմել հեղափոխությանը, իբրև իր միակ փրկարարին:…Հեղափոխություն կանգ չի առնի ոչ մի խորտակիչ ուժի առաջ, քանի որ գոյություն ունեն կյանքի տանջանքները,-նա միայն կփոխի իր ձևը, հարմարվելով նոր պայմաններին, և երբեք իր էությունը:
Ռոստոմ

Ինչի՞ է նման ամէն արժանիքէ զուրկ ու ստորին ազգային գոյութիւն մը: Արդի ու անցեալ մեր ամբողջ հալածանքը, մեր ամբողջ տառապանքը, մեր մարդկային արժանապատուութեան այս ամբողջ լեղին եթէ մենք կը խմենք, կը խմենք միայն մէկ նպատակով, որ դիմադրենք, մաքառինք, յանձն առնենք ամէն ինչ, մինչեւ որ հայութիւնը տիրանայ իր բոլոր իրաւունքներուն, իր ամբողջական եւ անկախ հայրենիքին:
Լևոն Շանթ
Հասարակական գործչից, մանավանդ հեղափոխական ասպարեզում պահանջվում է ամենադրական, որոշ եթե կարելի է այսպես ասել` մետաղացած գաղափար, հայացք, որի համար նա կբարձրանա և կախաղան… որովհետև նա շատ լավ գիտե, որ ինքը, հետևապես և գաղափարները պիտի անցնեն արյան ու կրակի միջից. Նա հաստատուն քայլերով առաջ է անցնում, համոզված լինլով, որ հաղթությունը իրենն է որքան էլ պայմանները աննպաստ լինեն:
Յոնան Դավթյան

« …իրողութիւն ըլլալէ չի դադրիր, որ ազատութեան եւ հաւասարութեան գաղափարն ու տենչը հիմնական մղիչ ուժերէն են յեղափոխական ամէն անկեղծ շարժման, անկախ Յեղափոխութիւն երեւոյթին գիտական մեկնաբանութեան ու բացատրութեան բոլոր փորձերէն, եւ անկախ յեղափոխութեան յաջողութենէն ետք իրերու ստացած ընթացքէն»։
Հրաչ Տասնապետյան` «Հեղափոխություն»

Հայ ժողովրդի գոյության հարցը մեր սեփական գոյության պատճառն է եղել և Դաշնակցությունը սկզբից ի վեր-Թուրքիայում, Կովկասում, Պարսկաստանում եղել է նախ և առաջ հեղափոխական-ինքնապաշտպան կազմակերպություն: …Ինչ էլ լինի, թէ թշնամուն և թե բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժ է:
…Լինել կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ քաղաքական ցնցումների վայրկեաններում:
Նիկոլ Դուման
Ես հավատում եմ, հայ ժողովուրդ, քո դարձին, ինչպես հավատում եմ, որ ամեն առավոտ արշալույսը կբացվի: Հավատում եմ վասնզի կամրջընկեց Արաքսի ափերին, Մասիսի խորհրդավոր հայազքի տակ մեր հայրենիքը կա, որ մեր թրթռացող հոգին է բռնել իր մայրական քնքուշ ձեռքերի մեջ և ակնդետ ու խռովահույզ նայում է, նայում է ճամբաներին:
Ավետիս Ահարոնյան
Նոր սերունդ պիտի կերտել վերածնվող հայրենիքի մեջ, կրթության, դաստիարակության նոր մեթոդներով:
Ճշմարիտ հայրենասերը ձգտում է ազնվացնել իր հարազատ ժողովրդին, բարձրացնել նրան քաղաքակրթության սանդուղքի գագաթները` առանց ոտնահարելու և արհամարհելու ուրիշ ազգերի նույնքան արդար ու օրինավոր ձգտումները:
Միքայել Վարանդյան` «Վերածնվող հայրենիքը և մեր դերը»
ՙԴաշնակցությունը ցայսօր ձգտել է ազգ դառնալ, այսինքը հայությունը կաղապարել ըստ իր էության: Ազգի մեջ ձուլվելով, ազգն իր մեջ ձուլելու փորձ է Դաշնակցությունը:… Ահա թե ինչու կուզեինք, որ իր քառասնամեակից հետո Դաշնակցությունը, իբրև իր ցեղի առաջապահը, ավելի մեծ թափով ու նվիրումով շարունակեր Հայոց Ազատամարտը…՚:
ՙԴաշնակցությունը - դա քաղցր ու նվիրական դաշնակցությունն է ցեղի և ժողովրդի միջև: Դա ցեղի դրո՜շմն է` դրված ժամանակակից հայության էության վրա: Ցեղի ուղղությունն է Դաշնակցությունը, որի միջոցով ցեղն իր պատասխանատւության ենթարկելով ժողովուրդը, այդ վերջինը իր գիտակցության, ուժի և արժեքի լրումին կմղի՚:
Գարեգին Նժդեհ «Ցեղի ոգու շարժը», ՍոՖիա, 1932 թ

Մեր արդար մտածումը ձեր սիրոյն համար ըմբոստ է, եւ սուրը ձեր սիրոյն համար պիտի ապրի: Մեր ճշմարիտ սուրը եւ մեր Դրօշը պիտի ապրին` որովհետև կամքերիս կարմիր է եւ վրէժնիս անպարտելի: Մեր սուրը պիտր ապրի, կեանքը ստեղծելու ու մահը անգամ մըն ալ մեռցնելու համար… Մեր սուրը պիտի ապրի` փրկութեան եւ ազատութեան արեգակներուն ի խնդիր` Կյանքին համար, յոյսին համար, արգասաբեր հողին եւ մայրական Հայաստանին համար:
Սիամանթօ

Ամեն ոք իր մասին է մտածում: Իր երկրի սահմաններից այն կողմ եթե նայող կա, նայում է միայն հանուն իր շահերի: Եթե ընդհանուր ուժերով ճակատ պահելու խոսք է լինում, դա խոսք է` զուրկ իրական հիմքերից ու անկեղծությունից: Հայերով ոչ ոք չի հետաքրքրվում, շոշափելի օգնություն հասցնելու մտքով: Դրա հակառակը, կա դավադրական վերաբերմունք: Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր ուժերին` թե ճակատը պաշտպանելու, թե երկրի ներսը կարգ հաստատելու:
Արամ Մանուկյան

Երանի թե մենք լինենք հայ ժողովրդի սեղանին նվիրված վերջին զոհերը. երանի թե մեր արյունով, վերջապես հանգիստ առներ այդ թշվառ ազգը: Մնաք բարով, ամբողջ հոգիս թափում եմ համբույրիս մեջ, որ դրոշմում եմ այս թղթի կտորին:
…Թող զավակներս երթան իմ ճամբայով, դառն, բայց ազնիվ ճամբա:
Գարեգին Խաժակ

Հեղափոխականին` կյանքը փոթորկալի կյանք մըն է, դառնություններով լեցուն. Անոր ճանապարհը փշոտ եւ տատասկոտ է: Այդ ճամբան քալողներու վրայեն միշտ կը սավառնի մահուն աստվածը… Շատերը կը ցանկան ֆետայի ըլլալ, սակայն քիչերը կարժանանան այդ պատվույն: Պետք է քալել, քալել որպեսզի հասնինք մեր նպատակատեղին: Էհ, արծվի ճուտեր, մենք որ այս փոքր նեղությունը չկրնանք տանիլ, ինչպես տանի այն հերոս ժողովուրդը, որ ամեն օր զրկանք-չարչարանքներու ենթակա է:
Գևորգ Չաուշ